Ընդամենը 13 ամիս պաշտոնավարելուց հետո Շոտլանդիայի վարչապետ Համզա Յուսաֆը հայտարարել է իր հրաժարականի մասին։ 39-ամյա քաղաքական գործիչը կհրաժարվի նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) ղեկավարի պաշտոնից։
Այդ որոշումով Համզա Յուսաֆը կանխում է այս շաբաթ նախատեսված երկու քվեարկություն: Ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին անվստահություն հայտնել Յուսաֆին: Պատճառը SNP-ի հետ կոալիցիայի անդամ «կանաչների» հետ կլիմայական տարաձայնություններն են: Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարությունը չեղարկել էր ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը զրոյի հասցնելու հավակնոտ ծրագրերը, ինչն առաջացրել էր «կանաչների» դժգոհությունը: Ի նշան բողոքի, վերջինները որոշել են դուրս գալ SNP-ի հետ կոալիցիայից:
Դրանից հետո շոտլանդացի պահպանողականներն ու լեյբորիստներն առանձին-առանձին որոշել են խորհրդարանում դնել վարչապետին վստահելու հարցը։ Քվեարկություններից առաջինը նշանակվել է չորեքշաբթի։
Համզա Յուսաֆը Շոտլանդիայի կառավարության նոր ղեկավար է ընտրվել 2023 թվականի մարտի վերջին։ Քաղաքական գործիչը համարվում է Նիկոլա Սթերջենի մերձավոր անձը, որն անսպասելիորեն հայտարարեց վարչապետի և SNP-ի ղեկավարի պաշտոններից հեռանալու մասին։ Յուսաֆն առաջին մահմեդականն էր, որը գլխավորել է Շոտլանդիայի կառավարությունը։ Նա հետևում էր իր նախորդի քաղաքական գծին՝ Շոտլանդիան անջատել Միացյալ Թագավորությունից: