Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչությունից:
Ապրիլի 30-ին պարոն Կոոպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինելու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը: Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։
Մայիսի 1-ին և 2-ին պարոն Կոոպմանը կլինի Վրաստանում՝ քննարկելու ԵՄ-Վրաստան համագործակցությունը, ներառյալ Վրաստանի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նա հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ներդրումային գործընկերների հետ։ Պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի մեկնարկը՝ որոնք միտված են օգնելու վերականգնել Վրաստանի ոռոգման ցանցը, խթանել ներդրումներ վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ուղղությամբ և աջակցել տեղական արժույթով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
Մայիսի 3-ին և 4-ին պարոն Կոոպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը` ներառյալ տարածաշրջանային միակցվածությանն ու վերականգնվող էներգիային առնչվող հարցեր՝ Ադրբեջանում նոյեմբերին հյուրընկալվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովին ընդառաջ։ Նա կհանդիպի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, ինչպես նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Գլխավոր տնօրենը ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարի Ադրբեջանում հակաականային գործողություններին ուղղված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մեկնարկը, որը միտված է օգնելու լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ականների վտանգի մասին իրազեկումը և աջակցությունը տուժածներին: Միաժամանակ, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին գլխավոր տնօրենը մեկնարկ կտա միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական ընդգրկման բարելավմանը միտված ԵՄ աջակցության ծրագիրը։
Լրացուցիչ տեղեկությունների համար, այդ թվում՝ այցերի ընթացքում ծրագրի միջոցառումներին մամուլի հասանելիության համար խնդրում ենք կապ հաստատել ԵՄ պատվիրակությունների մամուլի պատասխանատուների հետ: