Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:
Խորհրդի որոշմամբ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Գևորգ Պապոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Ցիրունյանն էլ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին:
ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Վիգեն Խաչատրյանին կփոխարինի պատգամավոր Միքայել Թումասյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Խորհրդի որոշմամբ չի ընդունվել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին Լևոն Քոչարյանով փոխարինելու առաջարկը: «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ: