Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննական գործողություններ սկսելու՝ դատարանի որոշմանը։
«Ես որոշել եմ Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում շարունակել աշխատանքն ավելի մեծ ուժով: Ես և կինս գիտենք, որ վարկաբեկման այս արշավը չի դադարի, մենք դրանից տառապում ենք արդեն 10 տարի, բայց դա կհաղթահարենք»,- ասել է Սանչեսը, որն Իսպանիայի կառավարությունը ղեկավարում է 2018 թվականից։
Ապրիլի 24-ին դատարանը հայտարարել է նրա կնոջ նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կապերն օգտագործելու և կոռուպցիայի կասկածանքով։ Բողոք ներկայացրած «Մաքուր ձեռքեր» սինդիկատն ընդունել է, որ մեղադրանքները հիմնված են մամուլի հրապարակումների վրա։ Մադրիդի նահանգային դատախազությունը բողոքարկել է քննության ընդունված բողոքը և պահանջել է գործը կարճել։
Սանչեսը մեղադրել է երկրի աջ և ծայրահեղ աջ քաղաքական ուժերին՝ Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների համար։ Վերջին օրերին Մադրիդում Սանչեսին աջակցող ցույցեր են անցկացվել։