2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:
2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում, միաժամանակ, աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների 1678, 2022 թվականին՝ 880 դեպք: 1678 դեպքերից 1132-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչև 2022 թվականի 2-րդ կիսամյակ չէին հաշվառվում որպես հանցագործություն: Առանց հանկարծամահության դեպքերի՝ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործություն: Հանցագործության 40.666 դեպքերի 80.9 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են: Առանձնապես ծանր հանցագործությունները հանցավորության ընդհանուր զանգվածում կազմում են 4.1, իսկ ծանր հանցագործությունները՝ 15 տոկոս: Հանցագործությունների աճին զուգահեռ արձանագրվել է դրանց բացահայտման ցուցանիշի նվազում՝ մոտ 15 տոկոսով:
Աննա Վարդապետյանը նաև հայտնել է, թե ավարտված գործերի արդյունքում որքան գումար է վերադարձվել պետությանը: «2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: 2023 թվականին ավարտվել է 33.396 քրեական վարույթ, 2022 թվականին՝ 19.139: Ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ է ուղարկվել 8448 գործ՝ 10.170 անձի վերաբերյալ: Համեմատության համար՝ 2022 թվականին դատարան է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ»,- ասել է զեկուցողը:
Նշվել է, որ 2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերի մասով եւս աճ է արձանագրվել: Ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ 2022 թվականին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021 թվականին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ: Գլխավոր դատախազի խոսքով դատական քննությամբ ավարտված գործերով պետությանը վերականգնվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում՝ 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը:
Աննա Վարդապետյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելուն, դատավարությունների ձգձգմանը, թմրամիջոցների օգտագործման և վաճառքի ծավալների կտրուկ ավելացմանը և այդ հանցագործությունների բացահայտման նվազմանը, գաղտնալսումներին, ընտրողաբար կատարվող ձերբակալություններին և կալանավորումներին, կոռուպցիոն հանցագործությունների աճին, Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերին՝ կապված ապօրինի գույքերի հետ, մարդու հիմնարար իրավունքներին և ազատությանը, որոշ դեպքերով անձանց բերման ենթարկելուն, ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, քննիչների ծանրաբեռնվածությանը և այլն:
Աննա Վարդապետյանը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել հաղորդումը: