Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսել է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է ավելի քան 384 միլիարդ դրամ: 2023-ի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը 417 միլիարդից ավելի է:
«2023-ի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով դատախազությունը պահանջ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդ-արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ»,- ասել է Աննա Վարդապետյանը: