Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք: Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար: Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո կդրվի շինարարության մրցույթի: Հավանաբար շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի երկրորդ եռամսյակում: Մարզադպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին, քանի որ մարմնամարզության՝ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ՝ 2026 թվականին, նորակառույց մարզադպրոցում անցկացվելու են փորձնական մրցումներ»,- ասաց նա:
Քաղաքապետի տեղակալը նաև նշեց, որ Բագրատունյաց 48/1 հասցեում նախատեսվում է կառուցել բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց:
«Այն լինելու է բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն, ոչ միայն մենապայքարային, այլև տարբեր մրցաշարեր։
Մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, բացակայում է միայն ՀԷՑ-ի տեխնիկական պայմանների համաձայնեցումը։ Այն ներկայացվելուց հետո փաթեթը կներկայացվի պարզ փորձաքննության։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կուղարկվի համալիր փորձաքննության, այնուհետև կդրվի շինարարական մրցույթի»,- ասաց Փամբուխչյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման համար սեղմ ժամկետներ են դրված, ապա հանձնարարեց խոշոր շինարարական ընկերություններին տեղեկացնել այս մասին:
«Շատ կարևոր նախագիծ է Երևան քաղաքի համար, աշխարհի առաջնությունն ենք պլանավորում այնտեղ անցկացնել և մենք ունենք ընդամենը 2 տարի ժամկետ շինարարությունն ավարտելու համար: Հետևապես հորդորում ենք և խնդրում ենք մասնակցել այս մրցույթին»,- ասաց նա: