Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։
Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) 4-րդ նիստին (ապրիլի 21-ից 29-ը)։
Հանդիպման հիմնական նպատակն է ապահովել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից 2022 թ․ մարտին ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ ապագա համաձայնագրի վերանայված նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։
Վերոնշյալ գործընթացի շրջանակներում նախատեսվում է համաձայնագրի նախագծի մի շարք բաժինների լրամշակում, այդ թվում․
նպատակը, սահմանումները, սկզբունքները և կարգավորման առարկան,
առաջնային պոլիմերներ, խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանք, ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ,
արտադրանքի նախագծում, արտադրություն և սպառում,
արտադրողի ընդլայված պատասխանատվություն,
թափոնների կառավարում,
գոյություն ունեցող պլաստիկ աղտոտում,
հաշվետվողականություն, մոնիթորինգ և թափանցիկություն,
ֆինանսավորման մեխանիզմ,
կարողությունների զարգացում, տեխնիկական աջակցություն և տեխնոլոգիաների փոխանցում,
ազգային գործողությունների ծրագրեր,
իրականացում և իրավակիրարկում,
միջազգային համագործակցություն,
տեղեկատվության փոխանակում,
իրազեկության բարձրացում, կթություն և հետազոտություններ,
գործընկերների և շահագրգիռ կողմերի ներգրավում և այլն։ Հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է հանդիպման օրակարգով նախատեսված նիստերին, տարածաշրջանային հանդիպումներին, ձևավորված աշխատանքային խմբերի քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են հետևյալ տեսակետները․
որպես Բարձր հավակնության կոալիցիայի (High Ambition Coalition to End Plastic Pollution, https://hactoendplasticpollution.org ) անդամ, Հայաստանը կիսում է այն կարծիքը, որ համաձայնագիրը պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը (նախագծում, արտադրություն, սպառում, վերօգտագործում, վերամշկում և թափոնների կառավարում),
համաձայնագիրը պետք է խրախուսի երկրներին գործարկել և բարելավել Արտադրողի ընդլայված պատասխանատվության համակարգերը՝ պլաստիկ արտադրանքի կառավարման համար։
համաձայնագիրը պետք է սահմանի կոնկրետ պարտավորություններ խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանքի (ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք) նվազեցման, ինչպես նաև գոյություն ունեցող պլաստիկ աղտոտումը վերացնելու համար,
անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան համաձայնագրի իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն։
Այն նաև պետք է խրախուսի գիտական և տեխնոլոգիական նորարարությունները՝ շրջակա միջավայրում պլաստիկ աղտոտման նվազեցման նպատակով: Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախագծի վերանայում, լրամշակում և ՄԲԿ հետագա աշխատանքների ուրվագծում՝ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ՄԲԿ 5-րդ ամփոփիչ նիստին ընդառաջ: