Այս շաբաթ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղադրվեցին առաջին սահմանային սյուները, երկու երկրների փորձագիտական խմբերը սկսեցին կոորդինատների ճշգրտման գործընթացը: Տևական կոնֆլիկտից հետո խաղաղությանը միտված այս սյուների ավելացմանը զուգահեռ Երևանում և մարզերում շարունակվում են սահմանազատման դեմ բողոքի ակցիաները, որոնք հիմնականում առաջնորդում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ: Ընթացող փոքրաթիվ ակցիաներին զուգահեռ՝ ընդդիմադիր շրջանակները դաշտ են նետում կեղծ տեղեկություններ, որոնք բորբոքում են մարդկանց, մինչև կհերքվեն պաշտոնապես: Այդպիսի թեզերից էր նաև 6-7-րդ դարերում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու անցնելը Ադրբեջանին, որը հերքվեց: Հիմա էլ մեկ այլ թեզ է շահարկվում՝ թե իբր տեղի ունեցողը միակողմանի զիջում է:
Քաղաքագետները այս կեղծ թեզերի տարածումը պատահական չեն համարում, ասում են՝ նպատակը ներքաղաքական լարվածություն առաջացնելն է, նաև խոսում ռուսական միջամտության մասին: Որպես ապացույց նշում են ցույցերով Հայաստան-Վրաստան միջպետական սահմանի փակումը, որի նպատակը, նրանց խոսքով, Արևմուտքից եկող հոսքերը փակելն ու Հայաստանի տնտեսությունը վերջնական կաթվածահար անելն է: Այս ֆոնին հետաքրքրական է նաև փաստը, որ Ռուսաստանը չի ողջունել սահմանազատման մեկնարկը:
Այս պրոցեսում ուշադրությունից դուրս են մնում տավուշցիների իրական մտահոգությունները: Իրինա Մկրտչյանի ռեպորտաժը՝ Սահմանազատման ռիսկերի ու տարածվող կեղծ լուրերի մասին է: