Ապրիլի 27-ին Երևանում մահացել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի Ֆեյսբուքի էջից:
Արմեն Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում հայ նշանավոր բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի և թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։
1975-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Մինչև 2023 թվականը հայ նորագույն գրականություն է դասավանդել հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։
1990 թ․ պաշտպանել է ատենախոսություն «Դ. Դեմիրճյանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Ա․ Ղազարյանը հեղինակ է Դ․ Դեմիրճյանի, Վ․ Դավթյանի, Պ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների։ Կազմել և հրատարակել է Պարույր Սևակի անտիպ երկերն ամփոփող մի շարք ժողովածուներ։
1990-ական թվականներից Արմեն Ղազարյանը կրթական, գիտական և կազմակերպչական ղեկավար աշխատանք է կատարել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայում։ Ոստիկանության գնդապետ էր։
Ունի երկու որդի: