ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարի F-16 ինքնաթիռներ, համապատասխան սպասարկող խումբ և դաշնակից երկրներում վերապատրաստված օդաչուներ կուղարկվեն Ուկրաինա: Պենտագոնը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմը Կիևի համար 6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա ձեռք կբերի: Փաթեթը ներառելու է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ և այլ զինամթերք: Լլոյդ Օսթինն ընդգծել է, որ Կիևն ավելի շատ զրահատեխնիկայի և հրետանու կարիք է զգում, նա խոստացել է անել հնարավորը՝ բավարարելու երկրի ռազմական կարիքները:
«Եթե Պուտինը հաղթի, հետևանքները կլինեն ծանր և գլոբալ: Եվրոպան կբախվի անվտանգային աննախադեպ սպառնալիքի», - համոզմունք է հայտնել նախարարը:
Ռամշտայնի ձևաչափով հանդիպման շրջանակում Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համար, միաժամանակ հայտարարել՝ ռուսական զանգվածային հարվածներից պաշտպանվելու համար առնվազն 7 Patriot համակարգ է պետք:
Կիևին Patriot համակարգի հրթիռներ կտրամադրի նաև Իսպանիան, Բրյուսելն էլ մինչև 2024 թվականի վերջ պատրաստվում է F-16-ներ ուղարկել Ուկրաինա:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: