Այսօր շատ կարևոր օր է: Այսօր ՀՀ-ում Քաղաքացու օրն է, և քաղաքացին այն ինստիտուտներից է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, և քաղաքացին առանց պետության գոյություն ունենալ չի կարող: Այո՛, հայ կարելի է լինել ցանկացած վայրում՝ Մադրասում, Գլենդելում, Ավստրալիայում, բայց հայրենիք-պետության քաղաքացի հնարավոր է լինել միայն ՀՀ-ում առնվազն անձնագրային կապով կապված: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, թե ինչու է հայրենիքը պետություն, որովհետև եթե հայրենիքը պետություն չէ, ինչո՞վ հայրենիք չէ, օրինակ՝ Բոստոնը: Այս մասին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հարաբերությունները շատ կարևոր են, որ իմանանք՝ որտեղ ենք գտնվում, ուր ենք գնում, ինչ խնդիրներ ունենք:
«Քաղաքացին պետության կարևորագույն ինստիտուտներից է: Օրինակ՝ ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող հայը ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայից: Շատ կարևոր մի պատճառով: Նա, ով քաղաքացի է, ինքնահայտարարագրում է հայրենիք և պետություն ունենալու իր կամքը և ցանկությունը: Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում «քաղաքացի»: Մարդ, որը հայտարարագրում, բարձրաձայնում է, որ ինքը ուզում է ունենալ պետություն և պատրաստ է կրել պետություն ունենալու պատասխանատվությունը: Սա է քաղաքացիությունը, որովհետև եթե չկա պետություն, չկա քաղաքացիություն: Սա նույնպես մի կարևոր հանգամանք է, որը նույնպես պետք է ընդգծենք և ճշգրտենք: Մենք սրա համար ենք այս օրը դարձրել այսպիսին՝ հայտարարագրելու, որ Քաղաքացու օր նշանակում է՝ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքացիներ, որոնք բարձրաձայնում են պետություն ունենալու իրենց կամքը, և բարձրաձայնում են, որ պատրաստ են պետություն ունենալ: Սա շատ կարևոր է արձանագրել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մեր խնդիրն է, որ մենք չգիտենք, թե ինչ է նշանակում լինել ՀՀ քաղաքացի, և հենց սա է պատճառը, որ այդպիսի օր պետք է ունենալ, որպեսզի մենք այս օրը արձանագրենք պետություն ունենալու մեր կամքը և այն սերնդեսերունդ փոխանցենք:
«Քաղաքացին պետություն ունենալու կարևորագույն, անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Հաջորդ կարևորագույն պայմանը պետություն ունենալու տարածքային ամբողջականությունն է, պետության տարածքը»,- ընդգծեց վարչապետը: