Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 19-ի 8-րդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններով, երկու երկրի փորձագիտական խմբերը սահմանին սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը։