ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ: Օրակարգում են եղել երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Բլինքենի այցի հիմնական նպատակը Չինաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հաղթահարելն է:
Բանակցությունների մեկնարկին ընդառաջ՝ Վան Յին հայտարարել է՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների «մեծ նավարկությունը» կայունացել է, «սակայն դեռ բացասական գործոններ են ավելանում»: Նա հավելել է, որ Չինաստանի զարգացումը ճնշման է ենթարկվում, իսկ երկրի հիմնական շահերը կասկածի տակ են դրվում:
Բլինքենն արձագանքել է՝ առկա խնդիրները լուծելու համար «ակտիվ դիվանագիտություն» է անհրաժեշտ: Ամերիկյան պատվիրակությունը նաև զգուշացրել է, որ Վաշինգտոնը պայքարելու է Ռուսաստանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ Պեկինի փորձերի դեմ: