Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետև յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված և հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում և հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում:
Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովը գործել է ըստ օրենսդրության և Սահմանադրության՝ անկախ և թափանցիկ: Նա հավելել է, որ որոշումները միշտ կայացվել են առանց արտաքին միջամտության՝ ելնելով կոլեգիալության սկզբունքից:
«Լինում են հրապարակումներ և ելույթներ, որտեղ մեր որոշումների անաչառությունը դրվում է կասկածի տակ: Խոսում են անգամ իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է զեկուցողը:
Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել են 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն: Ստացվել են 111 հարցում և դիմում-բողոք: 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ և 7-ը՝ վարչական բողոքների հիման վրա: Կտրուկ աճել են նաև որոշումների դատական բողոքարկումները՝ 2023 թվականի ընթացքում հանձնաժողովն ունեցել է դատական 27 վարչական գործ: Տիգրան Հակոբյանը խոսել է նաև մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Պատասխանելով այն հարցին, թե հանձնաժողովը պետք է փակի ռուսական ալիքները, Տիգրան Հակոբյանը նշել է, որ պետք է գտնել այնպիսի կարգավորումներ, որպեսզի օտար երկրների ալիքները չպարտադրեն այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ և հակասում է մեր օրենսդրությանը: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ նախատեսել:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: