ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա օրենքով դրվող պարտավորությունների մասով և սահմանվել է, որ պարտավորություններն ընդհանուր դրվելու են երկու հեռուստաընկերությունների, երկու տեսալսողական ծրագրերի վրա:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով: