Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ: Երբ ձևավորվում է պարտավորությունը, հարկային մարմինը ժամկետանց լինելու մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, և դա լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք է հանդիսանում: Այժմ հարկային մարմինը տեղեկացնելու համար ունի 5-օրյա ժամկետ: Առաջարկվում է նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը տրամադրել 10 օր ժամկետ՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքը: Դա չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: