Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ փոխանցվում է գումարը։
Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական վճարների վերադարձից
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար, որի արդյունքում նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։
Ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական վճարը
Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի և 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։
Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5 տոկոսի չափով, իսկ 6 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ եկամտի 10 տոկոսի և 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։
Սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։ Սոցիալական վճարների հաշվարկն իրականացվում է աշխատավարձից, քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից և ձեռնարկատիրական եկամտից:
Այն դեպքում, երբ շահառուն ցանկանում է, որ գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական
www.e-request.am հարթակի միջոցով: