Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024 թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022 թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2022 թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել 2023-2024 թթ. ընթացքում օրենսդրական փոփոխությունների և լրացումների արդյունքում կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների, 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած (2024 թ. փետրվարի 12-ից հետո դիմելու հիման վրա) և օտարերկրյա պետությունում համապատասխան ժամկետով համապատասխան ծառայություն չանցած, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած (2024 թ. փետրվարի 12-ի դրությամբ) ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիների զորակոչի հարցը: