Ապրիլի 25-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղար Պավան Կապուրի (Pavan Kapoor) հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ մի շարք պատվիրակությունների Հնդկաստան կատարած վերջին շրջանի այցերի ընթացքում քննարկված թեմաների և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերի շուրջ՝ կարևորելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հետագա հնարավոր հանդիպումների կազմակերպման նշանակությունը:
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությանը՝ դեսպան Վահագն Աֆյանը զրուցակցին է ներկայացրել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հնարավորությունները: