ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստ է հինգ տարի կամ ավելի ժամկետով հրադադար հաստատել Իսրայելի հետ, եթե երկու պետություն ստեղծելու մասին որոշում կայացվի: Associated Press-ի հետ հարցազրույցում հայտարարել է խմբավորման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հայան:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի զինադադարի, զենքերը վայր կդնի և կվերածվի քաղաքական կուսակցության, եթե «Արևմտյան ափում և Գազայի հատվածում ստեղծվի լիովին ինքնիշխան պաղեստինյան պետություն, և բոլոր պաղեստինցի փախստականները վերադառնան միջազգային բանաձևերի համաձայն»:
Նրա խոսքով՝ Իսրայելը զգալի հաջողության չի հասնում Գազայի հատվածում իրականացվող գործողություններում, ուստի միակ տարբերակը համաձայնագրի ուղղությամբ աշխատելն է: Ալ-Հայան նշել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ բնակավայրում Իսրայելի ծրագրած գործողությունը չի օգնի ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, և հավելել, որ իսրայելցի զինվորականները «ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներուժի մոտ 20 տոկոսը»: