Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Տղամարդկանց պայքարում ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ), իսկ կանանց պայքարում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):
Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովի նկատմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի սերբ Ռադե Յոկսիմովիչը:
60 կգ քաշային Արթուր Սահակյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Ռոսենովի հետ։
Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Կանոնիկո Զուզեպեիհետին: 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով առավելության էր հասել լեհ Յակուբ Կրժպյեդի նկատմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդուարդ Սավինը:
67 կգ քաշային Արարատ Հարությունյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչի նկատմամբ: Որակավորման փուլում Հարությունյանը նույն հաշվով պարտության էր մատնել լեհ Մատեուս Գրեժբերին, իսկ կիսաեզրափակչում ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Տարխան Իգիդովի հետ:
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հսաել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, քառորդ եզրափակչում հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիին, իսկ կիսաեզրափակչում կմենամարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Լորեն Ալֆոնսոյի հետ:
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում ավելի վաղ մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։ Գրիգորյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի իռլանդացի Սվինի Շանոյի հետ:
Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանն էլ քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ռուս Դարիմա Սանդակովան:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։