Ապրիլի 25-ից մեկ օրով Վենետիկ եկող զբոսաշրջիկները կվճարեն քաղաք մուտք գործելու համար։ Քաղաքային իշխանությունները այդ կերպ փորձում են նվազեցնել զբոսաշրջիկների հոսքը քաղաք։ Նախագիծը կգործի 29 օր՝ ապրիլի 25-ից՝ Վենետիկի հովանավոր Սուրբ Մարկոսի տոնից մինչև հուլիսի 14-ը, ներառյալ հանգստյան օրերի մեծ մասը:
Բուն Վենետիկում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ապրում է 50 հազարից պակաս մարդ, սակայն ամեն տարի քաղաք է այցելում մոտ 30 միլիոն զբոսաշրջիկ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Վենետիկի այցելուների երկու երրորդը քաղաք է գալիս մեկ օրով՝ առանց գիշերելու, և համեմատաբար քիչ եկամուտ է բերում տեղի տնտեսությանը։
Այժմ որոշ օրերին ժամը 8:30-16:00-ը քաղաք մուտք գործելը մեկ օր այցելողների համար կարժենա հինգ եվրո։ Այցելուները պետք է իրենց հեռախոսում ներբեռնեն QR կոդը, խախտողներին սպառնում է 50-300 եվրո տուգանք։
Քաղաքի բնակիչները, անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև քաղաքում և նրա արվարձաններում աշխատողներն ու ուսանողները չեն տուժի նոր սխեմայից: Ստիպված չեն լինի վճարել նաև մինչև 14 տարեկան երեխաները, հատուկ կարիքներ ունեցող անձինք և քաղաքի այցելուները, որոնք հանգստանում են հյուրանոցներում կամ մասնավոր տներում, քանի որ նրանք արդեն վճարում են տուրիստական հարկ՝ մեկ գիշերվա համար մեկից մինչև հինգ եվրո: Վճարից ազատվում են նաև նրանք, ովքեր այցելում են միայն Վենետիկի կղզիներ, այդ թվում՝ Լիդո և Մուրանո։
2021 թվականին Վենետիկն արդեն արգելել էր մեծ զբոսաշրջային նավերին, որոնցից ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ են իջնում, խարիսխ գցել քաղաքում: Դրանք ուղարկել են ավելի հեռավոր արդյունաբերական նավահանգիստ։