ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն կտրամադրի Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար: Գումարը կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման միջոցով:
Ըստ հիմնավորման՝ «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» միջոցառման շրջանակում պետության կողմից նախատեսված գումարը բավարար չէ Պարալիմպիկ խաղերից առաջ վարկանիշային միջազգային մրցաշարերին մասնակցելու համար, ինչով պայմանավորված՝ հավելյալ միջոցների անհրաժեշտություն է առաջացել:
Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկությանը, պարաաթլետիկայի աշխարհի առաջնությանն ու պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթին:
Նշված մրցաշարերի արդյունքներով, ուղեգրեր ձեռքբերելու դեպքում, կապահովվի ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունն ամառային Պարալիմպիկ խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում: