ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար. հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն:
«Մենք երախտագիտությամբ ենք հիշում Սիրիայի ժողովրդի գրկաբաց և ջերմ վերաբերմունքը, 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացի ժողովրդի կողմից ապաստանելը և հոգատար մոտեցումը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Հայ-սիրիական ջերմ և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում ընդգծվել է սիրիահայ համայնքի կարևոր դերակատարումը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին: Նա բարձրաձայնել է նաև Բաքվում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձանց խնդիրը:
Խոսելով դրական զարգացումների մասին՝ նշվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթիի հռչակագրով ամրագրված նորմերի վրա: Հակոբ Արշակյանը վերահաստատել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն այլընտրանք չկա, և Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության դիրքերից:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչը եւս երկրների զարգացման և տարածաշրջանային խաղաղության հաստատման գրավական է:
ԱԺ փոխնախագահը կարևորել է Սիրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ վերահաստատելով Սիրիայի տարածքային ամբողջականության և բոլոր կոնֆլիկտները ներքին ուժերով հաղթահարելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահն ընդգծել է, որ սիրիական կողմն աջակցում է Հայաստանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և համոզմունք հայտնել, որ խաղաղության ջատագով բոլոր ազգերը կլինեն հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ալ-Աջլանին աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ նշելով, որ պետք է վերադարձվեն բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին՝ միջազգային իրավունքի ուժով: Որպես հարաբերությունների կարգավորման հաղթահարման ուղենիշ՝ փոխնախագահը նշել է թշնամանքի լեզվով խոսելու բացառումը:
Կողմերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում ընդգծել են միջխորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:
Այս համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել Սիրիայի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ, որի դրսևորումներից է Ժողովրդական ժողովում հայազգի պատգամավորների ներկայությունը:
Անդրադարձ է եղել երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին, հարաբերությունների խթանման ուղղված քայլերին: