Առաջարկվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 25-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Տավուշի մարզում 2021-2022 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Հետևաբար այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով:
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը համարվում է նաև կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ»,- ասաց նախարարը:
Կարգավորման նպատակն այն է, որ հենց այս տարվա՝ 2023-2024 ուստարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշչի բովանդակությանը: Ըստ նախարարի՝ սա նաև նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված ծրագրային նյութի վերջնարդյունքի գնահատմանը: Իսկ արդյունքները՝ որպես ավարտական քննություններ, հիմք կդառնան ընդունելության քննությունների համար: 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար:
«Քանի որ մենք սա առաջին անգամ ենք կիրառում, սա ներդրել ենք Տավուշի համար՝ որպես հավելյալ հնարավորություն, այսինքն՝ Տավուշի մարզի բոլոր շրջանավարտները, ինչպես նաև մյուս մեր բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն՝ միասնական քննություններ հանձնելու, և սա կլինի նրանց համար հավելյալ 3-րդ հնարավորությունը, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին, և դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ստացվում է, որ այս տարի՝ Տավուշի մարզի, իսկ 2026 թվականին Երևանի և բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար:
Նախարարը հավելեց՝ հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է, մնացած առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը:
Փաշինյանը ճշտեց՝ այսինքն՝ մեր ռազմավարական պատկերացումն այն է, որ ընդունելութան քննություն ընդհանրապես չի լինելո՞ւ: Նախարարը նշեց, որ պետք է աստիճանաբար բերել այն բանին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք: