Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը:
Նա խոստովանել է, որ ցավ է ապրում, որ դեռևս մեծ թվով դերակատարներ ժխտում են Ցեղասպանության փաստը։ Մինչդեռ միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են անցյալի կրկնությունը կանխելու համար:
«Վերջին տարիներին հայ ժողովուրդը բախվել է շատ մարտահրավերների, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի վերջ դնենք այդ տառապանքներին: Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման համար, պետք է աշխատենք հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար, ապագա, որը կա և պետք է լինի մեր ընդհանուր եվրոպական ընտանիքում»,- ասել է իտալացի պատգամավորը: