ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ստորագրել է օգնության փաթեթի մասին օրինագիծը, որը տրամադրում է կարևոր ռազմական օգնություն Ուկրաինային՝ այսպիսով վերջ դնելով ամիսներ շարունակվող բանակցություններին ու բանավեճերին, գրում է CNN-ը:
Օգնության փաթեթը, որը երեքշաբթի Սենատն ընդունեց ձայների 79 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ, կազմում է 95 միլիարդ դոլար, որի մոտ 61 միլիարդ դոլարի օգնությունը տրամադրվում է Ուկրաինային, 26 միլիարդ դոլարը՝ Իսրայելին և 8 միլիարդ դոլարը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:
Փաթեթը ներառում է նաև օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն, ներառյալ առգրավված ռուսական ակտիվների փոխանցումը Կիևին, ինչպես նաև TikTok սոցիալական ցանցի արգելափակումը, որը պատկանում է չինական ByteDance մասնավոր ընկերությանը։