Ցանկացած ոճրագործության անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ: Այդ մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը նշել է, որ այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում կա նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վտանգ:
Ըստ նրա՝ Ցեղասպանությունը չդատապարտելն է նաև հանգեցրել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը, նրանց կրած տանջանքների, այդ թվում՝ խոշտանգումների, մարմինների անդամախեղումների, քաղաքացիական անձանց թիրախավորման:
«Շատ կարևոր եմ համարում, որ այս ամենը հասցեավորվի և արժանանա պատշաճ գնահատականի»,- ասել է նա: