Ինչպես երկուշաբթի, այսօր նույնպես կներկայացնեմ Հայաստանի նախնական առարկությունները դատարանի ժամկետային իրավազորության խնդրի մասին: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը:
Նա ներկայացրեց ընդհանուր դիտարկում բոլորի ելույթների վերաբերյալ:
«Ակնհայտորեն համակարգված ջանք էր գործադրվում երեկվա բոլոր բանախոսների կողմից` բազմիցս անդրադառնալու այսպես կոչված էթնիկ զտման ծրագրին, որն իրենց պնդմամբ շարունակվում է նույնիսկ այսօր` ԼՂ-ում առաջին պատերազմի ավարտից 30 տարի անց:
Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն առաջացնել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, քանի որ այն տեղի է ունեցել ավելի քան 3 տասնամյակ առաջ, և դա համակցված ներկայացվում է այսօրվա իրադարձությունների հետ մեկ փաթեթով՝ ամբողջ ժամանակահատվածը ներկայացնելով որպես մեկ ժամանակահատված: Այնուամենայնիվ, մեր ընկերների ջանքերն ապարդյուն են այս խնդրում: Կասկած չի կարող լինել. ինչպես երկուշաբթի ասացի` Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները:
Բայց ներկայումս էական հանգամանքը դա չէ, էականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի ներկայացրած փաստական պնդումների համաձայն` ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994 թվականի դրությամբ՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը, որն այս գործով վճռորոշ ամսաթիվ է»,- նշեց նա:
Փաստաբանի խոսքով՝ երկուշաբթի Ադրբեջանը չներկայացրեց էթնիկ զտում հասկացության սահմանումը:
«ՄԱԿ-ի հանձնաժողովի երկու սահմանումների համաձայն՝ եթե տարածքի քաղաքացիական բնակչությունը հեռացվել է, բոլորը գնացել են, էթնիկ զտումը համարվում է այդ պահին ավարտված: Դրանից հետո կարող են հետևանքները շարունակվել, սակայն գործողությունը դրանով համարվում է ավարտված:
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք իրականում վերաբերում են հետագայում տեղի ունեցած առանձին միջադեպերի, և այսպես կոչված էթէնիկ զտման մաս չեն»,- ասաց նա: