Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում է եղել նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը:
Հյուրերին դիմավորել և դեպի հուշահամալիր ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Ակրամ ալ-Աջլանին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Սիրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: