Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է: Բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է: Պահանջել ենք այդ հարցի հետ կապված, այդ թվում՝ իրավասու մարմինների կողմից, պատշաճ քննություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ին Տավուշի մարզում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողություններին:
ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո արագ արձագանքման խումբ է ուղարկել թե՛ ոստիկանական բաժանմունքներ, թե՛ բժշկական հաստատություն՝ զրուցելու ազատությունից զրկված քաղաքացիների հետ:
«Մենք ունեցել ենք քաղաքացի, որը նաև մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց ենք այցելել,- ասաց նա և հավելեց.- Մենք Սուրեն Պետրոսյանին էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնած խնդիրները:
Ավելին ասեմ՝ հետագայում ես խնդրել եմ, հանձնարարել եմ մեր աշխատակիցներին, որպեսզի ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո՝ կոնկրետ ժամը լրանալու պահին, մեկնեն դարձյալ ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների՝ պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը:
Բոլորը, բացի Սուրեն Պետրոսյանից, ազատ են արձակվել, քանի որ այստեղ կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկատվություն, մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալում»:
Անահիտ Մանասյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ էլ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը Տավուշի մարզում է:
Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկատվություն էր տարածել Տավուշի մարզում հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ավտոմեքենան փորձել էր մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք էր ստացել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել էր քննարկման ընթացակարգ: