Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։
Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն:
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեկնարկում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել։
Մինչ այս ԵԱ-ում վստահ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Համլետ Հարությունյանը (86 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին: