Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Հայաստանին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով այն խախտելու և Նախիջևանի հետ հաղորդակցություն չտրամադրելու համար։
Ալիևի խոսքով՝ հնարավոր չի լինի խուսափել այդ պարտավորությունից։ Նա նշել է, թե անկախ նրանից՝ «ինչպես են դասավորվել մյուս հանգամանքները», փաստաթղթի տակ ստորագրություններ են դրված։ Ալիևը նշել է, թե Բաքուն ստիպված է եղել այդ ճանապարհին այլընտրանք գտնել Իրանի տարածքով:
Նա կարծիք է հայտնել, թե, իբր, Հայաստանը պարտավոր է իր տարածքով ճանապարհ տրամադրել դեպի Նախիջևան, որն ապահովված կլինի միջազգային անվտանգային մեխանիզմով։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, նշել՝ դա կյանքի կոչելու համար նախ պետք է համաձայնության գալ Բաքվի հետ։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներով, և միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի կարող քննարկվել: