ԱՄՆ-ը բանակցություններ է սկսել Նիգերի հետ ամերիկյան զորքերի դուրսբերման հարցով: Շրջանառվող լուրը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք կարող ենք հաստատել ԱՄՆ-ի և Նիգերի միջև խորհրդակցությունների սկսվելու մասին տեղեկությունը երկրից ամերիկյան զորքերի կանոնավոր դուրսբերման շուրջ»,- ասել է Ռայդերը։ Նա նշել է, որ հստակ տեղեկություն չի կարող հայտնել զորքերի դուրսբերման ժամկետների մասին։
Մարտին Նիգերը խզել էր ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը, որի համաձայն՝ երկրի հյուսիսում ստեղծվել էր ամերիկյան ԱԹՍ-ների բազա: Նիգերի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չի բխում երկրի ժողովրդի շահերից: