Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են ընդլայնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելի խոսքով՝ նպատակն է սահմանափակել Իրանի կողմից ԱԹՍ-ների և հրթիռների արտադրությունը:
Դիվանագետների հանդիպման օրակարգում է եղել նաև Ուկրաինան: Բորելն ընդգծել է Կիևին ռազմական առաքումն արագացնելու կարևորությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերը գրեթե ամեն օր զանգվածային հարվածներ են հասցնում Ուկրաինային, ինչի հետևանքով զգալիորեն վնասվել է երկրի էներգահամակարգը: «Ուստի անհրաժեշտ է հզորացնել Կիևի ՀՕՊ համակարգը»,- հավելել է Բորելը: Ըստ պաշտոնյայի՝ մի շարք երկրներ պատրաստ են աջակցել այդ հարցում:
Բորելը տեղեկացրել է, որ մայիս-հունիս ամիսներին էլ կմեկնարկի չեխական նախաձեռնության շրջանակում ձեռք բերված զինամթերքի մատակարարումը: