ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության ֆոնդի ղեկավար Ննեկա Հենրիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի արդյունքները, որն իրականացվել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության ֆոնդի ֆինանսավորմամբ։
Ննեկա Հենրիին բարձր է գնահատել նախարարության և Կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման հարցում։ ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ ճանապարհային անվտանգությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և կարևորել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հայտարարված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի քանակը մինչև 2030 թ․ 50 տոկոսով կրճատելու միջանկյալ թիրախի իրագործման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործադրվող ջանքերը։
Նշվել է այս ոլորտում միջազգային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը, որպես լավագույն օրինակ ընդգծելով արդեն իսկ հաջողությամբ իրականցված ծրագրի արդյունքները և դրանց գործնական կիրառությունն ու կարևորությունը իրավասու գերատեսչությունների համար։
Միաժամանակ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերներն ու այդ ուղղությամբ բարեփոխումների իրականացման ուղղությունները:
Քննարկվել են նաև իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքներն ու ձեռքբերումները։
Նախարարի տեղակալն առանձնացրել է ճանապարհի վթարավտանգ հատվածների՝ կուտակման կետերի (Black spots) շարունակական բացահայտումը և վերացումը, ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտի իրականացումը, ինչը փորձագետների գնահատմամբ թույլ կտա կանխել վթարների մոտ 20 տոկոսը։
ՏԿԵ փոխնախարարն անդրադարձել է նաև ոլորտում մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման հիմնախնդիրներին և նշել, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերը մեծապես խթանում են այդպիսի փորձի և գիտելիքների ձևավորմանը։
Ննեկա Հենրիին նշել է, որ Կառավարության առաջնահերթություները և բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության ֆոնդի կողմից ֆինանսավորվող ծրագրերի չափանիշներին, ուստի հետաքրքված են համագործակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են հետագա քայլերը և անելիքները։