Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու գույքը հափշտակելու կամ վնասելու՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության ու սառը զենք կրելու՝ 3-ական, շորթման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, գրավառուին վնաս պատճառելու, փաստաթղթեր կեղծելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված միջոցներ չձեռնարկելու ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խուլիգանության՝ 2, դրամանենգության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։