ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենը հույս է հայտնել, որ Սենատը կհաստատի Ուկրաինային շուրջ 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, և ամերիկյան կողմը կկարողանա հնարավորինս արագ հոգալ Կիևի ռազմական կարիքները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:
«Վաշինգտոնը նաև կօգնի ապահովել տնտեսական կայունությունը, վերականգնել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները և աջակցել բարեփոխումներին՝ հաշվի առնելով, որ Կիևն առաջ է շարժվում եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զելենսկին էլ տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի տարածքին Ռուսաստանի զանգվածային հարվածները, մասնավորապես՝ երեկ Խարկովի հեռուստաաշտարակի վրա հարձակումը։ Զելենսկու խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ATACMS հրթիռների մատակարարման մասին։