ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) և Նիկոլայ Էլսբերգը (բաս): «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) մասնակցությամբ:
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի ստեղծած լավագույն ստեղծագործություններից է:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է: