Մի խումբ քաղաքացիներ այսօր` օրվա ընթացքում, փակել են Նոյեմբերյանի կենտրոնական հատվածը՝ դեպի Վրաստան տանող ճանապարհը: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել թե՛ երեկ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպումից, թե՛ սահմանազատման գործընթացից: Հավաքը առաջնորդել է Տավուշի թեմի առաջնորդը:
Ոստիկանները զգուշացրել են, որ թույլ չեն տալու ճանապարհ փակել, խոչընդոտել երթևեկությունը և բախումներ հրահրել:
ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից հայտնել են` Բաղանիս-Ոսկեպար հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, ուստի նշված ճանապարհը փակվել է հարակից տարածքի ականազերծումն ապահովելու և մարդկանց մուտքը ականապատ տարածքներ թույլ չտալու համար, նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումով: Ուժայինները նաև հերքել են տարածվող լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, ընդգծել՝ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում:
Սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի մեր սահմանապահներին:
ՀՀ կառավարությունից էլ տեղեկացրել են` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` Տավուշ-Ղազախ հատվածում, տեղադրվել է սահմանային առաջին սյունը: Երկու երկրի փորձագիտական խմբերի աշխատանքը շարունակվում է։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրի փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Օրվա ընթացքում տեղեկություններ են հաղորդվել, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք: ՄԻՊ գրասենյակից հայտնել են.
«Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։ Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում»:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: