ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամաբ քննարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել է Երևան քաղաքում շրջիկ առևտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները: Մասնավորապես` շրջիկ առևտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առևտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:
Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչո՞ւ է շրջիկ առևտուրը թույլատրվում միայն Երևանում, ինչին ի պատասխան նշվել էր, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կկիրարկվի մայրաքաղաքում և որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները, այն կտարածվի նաև մյուս համայնքների վրա: «Պահը հասունացել է և որոշակի առումով արդեն ունենք միավորված համայնքներ: Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առևտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառել նաև բոլոր համայնքներում»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Զեկուցողը հավելել է, որ աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն ստացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: