ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը՝ այդ համատեքստում ընդգծելով ՄԱԿ-ի և տարածաշրջանային հանձնաժողովների հետ սերտ գործակցության կարևորությունը։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ապրիլի 22-26-ը Բանգկոկում ընթացող Հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։