Միացյալ Նահանգները դիտարկում է Իսրայելի պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք, ըստ Վաշինգտոնի, խախտել են մարդու իրավունքները պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պատժամիջոցների կիրառման դեպքում Իսրայելը չի կարողանա ամերիկյան ռազմական օգնությունը ծախսել այդ ստորաբաժանումների համար զենք գնելու վրա, սակայն այդ նպատակների համար Իսրայելի բյուջեից գումար ծախսելն արգելված չէ։
Ներկայումս ԱՄՆ-ը ստուգում է Հորդանանի Արևմտյան ափին գործող ստորաբաժանումների, հիմնականում ուղղափառ հրեաներից կազմված «Նեցախ Եհուդա» գումարտակի կողմից պաղեստինցիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Սակայն պարբերականը չի բացառել, որ ստուգումներ սկսվեն նաև Գազայի հատվածում տեղակայված ստորաբաժանումներում, և ԱՄՆ-ի օրինակին կարող են հետևել արևմտյան մյուս երկրները:
The Times of Israel-ը հայտնում է նաև, որ պատերազմի կաբինետի անդամ Բենի Գանցը խնդրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիի Բլինքենին պատժամիջոցներ չկիրառել գումարտակի դեմ։ Ըստ Գանցի՝ դա կվնասի Իսրայելի միջազգային լեգիտիմությանը ՀԱՄԱՍ-ի դեմ իր գործողություններում, ինչպես նաև նշել է, որ Միացյալ Նահանգները որևէ հիմք չունի նման քայլի համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ խոստացել է դիմակայել երկրի զինված ուժերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ցանկացած փորձի։