Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
«Դեսպանին ուղեկցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը:
Տեղի ունեցավ բավականին հագեցած և ինֆորմատիվ հանդիպում: Նախ հայկական կողմը համառոտ ներկայացրեց ՀԱԷԿ-ի շահագործման պատմությունը և անվտանգության ցուցանիշները: Այնուհետև ՀԱԷԿ-ի հրապարակում Եվրոպական միության օգնության ծրագրի փորձագետը հյուրերին ներկայացրեց ԵՄ աջակցությամբ ՀԱԷԿ-ում իրականացված և իրականացվող նախագծերը: Խոսվեց նաև ՀԱԷԿ-ի հետագա ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: 1995 թվականից սկսած՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որն ուղղված է եղել կայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց կատարեցին ՀԱԷԿ-ի որոշ արտադրական տարածքներում, որտեղ նրանց ուշադրությանը ներկայացվեցին հատկապես այն սարքավորումներն ու համակարգերը, որոնք ներդրվել են ԵՄ օգնության շրջանակներում:
Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարներին շնորհակալություն հայտնեց կազմակերպված այցի և ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ հետագայում ևս ապահովելու հաստատուն համագործակցություն և աջակցություն»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: