Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ապրիլի 22-ին ներկայացրել է հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության հաղորդումը։
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության մասին թերևս պետք է դատել 2023-ի գործունեությամբ։
2022 թվականին համապետական ընտրություններ չեն եղել, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 19 համայնքներում։ 2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում անցկացվել են Վեդի համայնքի ավագանու ընտրություններ։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքներում անցկացվել են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այս ընտրություններից և որևէ մեկով արդյունքների բողոքարկում չի եղել։
ԿԸՀ նախագահը հիշեցրել է նաև, որ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության ժամկետը լրանում էր 2022-ի դեկտեմբերին, ԿԸՀ-ն կազմավորել է նոր հանձնաժողովներ, որոնք էլ իրենց լիազորությունները ստանձնել են դեկտեմբերի 17-ին։
2023-ի փետրվարից սկսվել են ԸԸՀ անդամների վերապատրաստման դասընթացները։ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ՏԻՄ հերթական 3 և արտահերթ 2 ընտրություն։
Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ։
Սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցած որևէ ուժից չի ստացել։
Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։
Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավորություն է տրվել և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։ Էլեկտրոնային ծրագրի միջոցով է իրականացվել նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների բաշխումը։
Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ կայքում տեղադրվել է նաև Երևանի ընտրողների ռեգիստրը, որը հնարավորություն է ընձեռել Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիներին քարտեզի միջոցով գտնել տեղամասի հասցեն և համարը։
ԿԸՀ պաշտոնական կայքէջը՝ Elections.am-ը, ընդլայնել է մատչելիության գործիքակազմը, ԿԸՀ նիստերը հեռարձակվել են ժեստերի լեզվի թարգմանությամբ, կայքում տեղադրվել են նաև նորությունների, հայտարարությունների աուդիո տարբերակները։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքներին վերաբերող սոցիալական գովազդներ և անիմացիոն ֆիլմեր։ 2023 թվականից սկսած ուղիղ եթերով հեռարձակվել են նաև Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը։ 2023-ին առաջին անգամ ԿԸՀ-ն իրականացրել է վստահված անձանց համար դասընթաց։ Այն իրականացվել է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված այն ուժերի հետ, որոնք ցանկություն են հայտնել։
Հանձնաժողովը 2023-ին շարունակել է դեռևս 2022-ի տարեվերջից մեկնարկած ԿԸՀ զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք նախատեսում է ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսում։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։