ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցականների շրջանում ապրիլի 15-ից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլի մրցումները:
Մարզային փուլին մասնակցում են միջոցառման համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։ Համայնքային փուլին ՀՀ 626 դպրոցի ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:
Սովորողների թվով ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ համայնքային փուլերին 86 դպրոցի շուրջ 500 աշակերտ է մասնակցել: Ըստ մարզերի՝ առավել բարձր ցուցանիշ է գրանցել Վայոց ձորը, որտեղ դպրոցների 75%-ն ապահովել է մասնակցություն մրցաշարին՝ համապատասխան թիմերի միջոցով: Երկրորդ տեղում դպրոցների մասնակցության 72.72 % ցուցանիշով Արագածոտնի, իսկ երրորդ տեղում՝ Տավուշի մարզն է (56.09 %):
Ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում:
Մարզային փուլի արդյունքները կամփոփվեն ապրիլի 23-ին:
Մրցումների արդյունքներով, ըստ տարիքային խմբերի, որոշվում են հաղթող թիմերը, որոնք կներկայացնեն ՀՀ մարզերն ու Երևանը՝ հանրապետական եզրափակիչ մրցումներում: Եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-ին և 28-ին:
Մասնակիցներն ապրիլի 27-ին կգիշերեն Աղվերանում, իսկ հաջորդ օրը եզրափակիչ փուլի շրջանակում կմրցեն Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2.500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1.500.000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150.000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100.000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75.000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ: