Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են
Համագործակցության բավականին լայն օրակարգով արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերի վարչության, Եվրոպական ներդրումային բանկի, ԱՄՆ գանձապետարանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում:
Մասնակցություն է ապահովվել նաև Մարդկային կապիտալի նախարարական հանդիպմանը, որն այս տարի նվիրված է եղել մարդկային կապիտալի ոլորտում արհեստական բանականությանը, թվային լուծումներին և տեխնոլոգիաներին: Միաժամանակ, ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբի և ԱՄՀ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարների ու կառավարիչների հետ համատեղ հանդիպումներին: Վերջին հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներին և հեռանկարներին:
Երկկողմ հարթակում ՖՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների, Չեխիայի, Գերմանիայի, Սլովենիայի պատվիրակությունների հետ: Քննարկվել են ընթացիկ համագործակցության ակտիվացմանն ու շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը, մասնավորապես, հայկական կողմը վերահաստատել է տարեկան մասնակցության հրավերները՝ ուղղված գործընկեր երկրների համապատասխան ներկայացուցիչներին:
ՖՆ պատվիրակության օրակարգի կարևոր մաս են կազմել միջազգային կապիտալի շուկայում ՀՀ գործընկերների ու ներդրողների հետ հանդիպումները: Առանձին քննարկումներ են կայացել J.P. Morgan, Citi, Morgan Stanley-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական իրավիճակին և ապագա համագործակցության հարցերի: