ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ ապրիլի 16-ին Վաշինգտոնում իր գործընկերոջ՝ Տաթևիկ Գասպարյանի հետ, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի 2024 թվականի գարնանային հանդիպումների շրջանակում (WBGMeetings) Խորհրդարանական համաշխարհային ֆորումին (Parliamentary Global Forum):
«Ֆորումը հիանալի հնարավորություն է ԱՄՀ-ի և ՀԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին և ամբողջ աշխարհի խորհրդարանականներին հանդիպելու և մարտահրավերների մասին բարձրաձայնելու, դրանց լուծումներ փնտրելու, ինչպես նաև գիտելիքներով և զարգացման լավագույն փորձով կիսվելու համար։
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային ռազմավարություններ» պանելային քննարկումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիզ Արխիմոնը։
Նա ընդգծել է կին քաղաքական գործիչների դերը կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում թիրախային ռազմավարություններ մշակելու, կանանց տնտեսական անկախության համար պայքարելու և ընտանեկան բռնությունից զերծ հասարակություններ կերտելու գործում։
Պանելային քննարկման բանախոսների թվում էին նաև Իսպանիայի սենատոր Էսթեր Դելբիոն, Համաշխարհային բանկի գենդերային հարցերով տնօրեն Հանա Բրիքսին, Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Սահար Ալբազարը»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը։