Երեկվա հայտարարության հետ կապված նախ կուզենայի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
«Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ եկել է Մեդովկա գյուղ և Ստեփանավան՝ տեսնելու, թե նախորդ անգամ իրենց արձանագրած թերություններից որոնք են լուծվել:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նախօրեին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: